Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Երուսաղեմի Հայոց պատրիարք
Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 24-ին, Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:
1961 թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:
1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:
1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:
1971 թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենապատիվ Տ․ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա։
1971 - 1972 թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:
1972 -1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնև) հայոց թեմի հոգևոր հովիվ:
1973 թ․ ստացել է վարդապետական աստիճան:
1974 - 1980 թթ. եղել է Հայֆա, Յաֆա (Իսրայել) քաղաքների հոգևոր հովիվ:
1980 թ․ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական ընդհանուր աստվածաբանական ճեմարանում՝ ավարտելով եռամյա դասընթացը։
1994 թ․եղել է Հյուսթընի (ԱՄՆ, Տեքսաս նահանգ) Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:
1998թ․ Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:
1999 թ. դեկտեմբերի 14-ին, ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:
2009 թ․ Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից նշանակվել Է պատրիարքական փոխանորդ, պատրիարքարանի գործերի կառավարիչ։
2013 թ․ հունվարի 24-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ընտրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք`փոխարինելով լուսահոգի Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին: Հունիսի 4-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի ունեցավ Երուսաղեմի Հայոց Պատիրարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը։
2013 թ․ հուլիսի 23-ին, Իսրայելի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին որպես Երուսաղեմի Հայոց պատրիարք:
2014 թ․ փետրվարի 6-ին, Մանհեթանի (Նյու Յորք) ընդհանուր հոգևոր ճեմարանից ստացել է աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում։